Սաակաշվիլի. ընդդիմախոսների ձերբակալությամբ հնարավոր չէ քաղաքական հարցեր լուծել

00:27 • 28.11.12

Ընդդիմախոսների ձերբակալությամբ հնարավոր չէ քաղաքական հարցեր լուծել, կարծում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով, դա փակուղային ճանապարհ է, հաղորդում է Грузия Online-ը:


«Եթե որևէ մեկը կարծում է, որ քաղաքական հարցերը կարելի է լուծել ձերբակալություններով, ապա դա փակուղային ճանապարհ է», - ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները, որոնց «կազատազրկեն, դրանից պակաս ընդդիմադիր չեն դառնա»:

Սաակաշվիլին պնդում է, որ այսօր Վրաստանի նախկին կառավարության որոշ ներկայացուցիչներ հարցաքննվում և ձերբակալվում են գործող կառավարության կողմից:

 

«Մասնավորապես, նախօրեին հարցաքննվել է հարկային վարչակազմի ղեկավարը` «մաքուր բարեփոխիչ մեկը», ով «զրոյից» բարեփոխումներ է իրականացրել: Բացի այդ, հարցաքննությունների են ենթարկվել նաև ՆԳՆ ներկայացուցիչներ», - նշել է Սաակաշվիլին:

 

Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը պնդում է, որ նախկին կառավարության անդամներից որևէ մեկին չի կարելի մեղադրել պետության հաշվին հարստանալու մեջ:

 

Նրա խոսքով, միակ հոդվածը, որը նրանց դեմ ներկայացվում է, իշխանության չարաշահումն է, սակայն դրա համար որոնվում են ամենաաբսուրդային պատճառաբանություններ: