Հունաստանի բժիշկներն ու համայնքային աշխատողները գործադուլ են հայտարարել

17:54 • 28.11.12

Հունաստանի հիվանդանոցների բժիշկների և համայնքային աշխատողների արհմիություններն այսօր գործադուլ են անցկացնում՝ կառավարության կողմից տնտեսության պետական հատվածում նախատեսվող կադրերի կրճատման դեմ, հայտնում է РИА Новости-ն։


Մասնավորապես՝ բժիշկների OENGE ֆեդերացիան այսօր անցկացնում է 24-ժամյա գործադուլ, իսկ նոյեմբերի 30-ին չեն աշխատի հիվանդանոցների ընդունարանների բժիշկ-մասնագետները։

 

Ըստ արհմիության հայտարարության՝ բժիշկների աշխատավարձերն անընդհատ նվազում են, անձնակազմը չի բավականացնում, իսկ պետությունը չի կատարում իր պարտականություններն առողջապահության ազգային համակարգի առաջ, ինչից տուժում են և՛ բժիշկները, և՛ հիվանդները։

 

Հունաստանի համայնքային աշխատողների POE-OTA միությունն այսօր հայտարարել է 4-ժամյա գործադուլի մասին, որը կկրկնվի ուրբաթ։


Բողոքի ակցիաներ են նախատեսվում Աթենքում և երկրի բոլոր խոշոր քաղաքներում։