Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից հետո ադրբեջանական կողմը խայտառակ եղավ. Կիրո Մանոյան

17:16 • 28.11.12

Բաքվում գումարված Ասիայի կուսակցությունների միջազգային ժողովին և, առհասարակ, նման ժողովներին մասնակցելը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այնքան էլ ճիշտ չի համարում, սակայն գտնում է, որ ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը խայտառակ արեցին ադրբեջանական կողմին:


«Նախ պետք է հասկանալ, թե ինչ տեսակի ժողովի մասին է խոսքը, և վերջին ժողովն էլ ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տակ էր: Սակայն այս դեպքում իրենք խայտառակ եղան, և դա ինչ-որ տեղ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերի հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Կիրո Մանոյանի տեղեկացմամբ՝ այդ ժողովին մասնակցելու առաջարկ է արվել նաև Հայ դատի երևանյան գրասենյակին, սակայն իրենք մերժել են առաջարկը։


Հիշեցնենք, որ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ Բաքվում Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը, ցույց տվեց այդ երկրի վիճակը, մտադրությունները և ստեղծված անառողջ մթնոլորտը, որի մասին «Ժառանգությունը» դեռ այն ժամանակ հայտարարում էր՝ ասելով, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է նման կոնֆերանս անցկացնել։


«Այն, ինչ տեղի ունեցավ այլանդակություն էր, քանի որ Ադրբեջանն ու մյուս մուսուլման երկրները ոտնատակ տվեցին Ասիայի քաղաքական կուսակցությունների կանոնադրությունը»,- ասել էր Սյոպա Սաֆարյանը։