Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 28-ին
ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դրա հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:










