Հայտնաբերվել է Երևանում 80 միլիոն դրամ գողացած երիտասարդը (տեսանյութ)

20:12 • 28.11.12

Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ հայտնաբերել են այս տարվա հունիսի 29–ին Երևանի Արցախի փողոցի վրա գտնվող ընկերություններից մեկի տնօրենի չհրկիզվող պահարանից 80 միլիոն դրամի գողություն կատարած 1987 թվականի բնակիչ, նախկինում ուրիշի գույքը հափշտակելու համար 4 անգամ դատապարտված Հովսեփ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը:


Նա նաև հետախուզվում է Շենգավիթի ոստիկանության կողմից զինծառայությունից խուսափելու համար:
Այս տարվա հունիսի 29-ին գողության փաստով հարուցված քրեական գործը 2 ամիս անց՝ օգոստոսի 29-ին, կասեցվել էր գողություն կատարած անձի ինքնությունը անհայտ լինելու հիմքով, սակայն որոշ ժամանակ անց իրավապահները՝ ունեցած տեղեկության հետքերով, ուղևորվել էին Գորիս և հայտնաբերել Հովսեփ Սարգսյանին:


Գողության մեջ կասկածվողի հայտնաբերման ժամանակ նա արդեն հասցրել էր վաճառել այդ գումարով գնած թանկարժեք մեքենան, իսկ գողացված դրամի մյուս մասը ծախսել էր, ինչպես ոստիկանության հաղորդագրության մեջ է նշվում՝ անձնական հաճույքների վրա:


Ինչպես տեղեկացնում են ոստիկանական մեր աղբյուրները այդ անձնական հաճույքներն են՝ կազինոներ հաճախելը և մարմնավաճառներ վարձելը:


Հովսեփ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: