Սուրեն Աբրահամյանը հորդորում է «մի քսան օր էլ դիմանալ»
Առաջիկա նախագահական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն ամենաակտիվ դերակատարությունն է ունենալու, սակայն թե ինչ ձևաչափով՝ պարզ կլինի 20 օրից։ Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը։
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջադրվի, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Մի քսան օր էլ դիմացեք, և իրենից հարցի պատասխանը կստանաք»:
Tert.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞վ է բացատրվում վերջին շրջանում Արամ Սարգսյանի պասիվությունը քաղաքական դաշտում, նա նշեց, որ համաձայն չէ դիտարկմանը։
«Արամ Սարգսյանը պարբերաբար, ովքեր հետաքրքրվում են, շաբաթը մի քանի անգամ հարցազրույցներ է տվել և հանրությանը իր տեսակետներով ներկայացել: Իհարկե, մտորումների, քննարկումների ու վեճերի հարցեր ունենք, բայց մենք էլ ենք պատրաստվում նախագահական ընտրություններին այնպես, ինչպես բոլորը»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ «Հանրապետություն» կուսակցությունը սեփական թեկնածու չունենալու դեպքում սատարի «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից:
«Նայած թե ՀԱԿ-ը ինչ ծրագրով է գնում ընտրություններին, ինչ լիդերով, այդ բոլորը կախված է ՀԱԿ-ի վարքագծից: Բայց մենք կսատարենք այն քաղաքական ուժին, որը երկրում այս արատավոր համակարգի բարենորոգման ծրագիր կներկայացնի, կստեղծի նոր մտածողության պետական համակարգ և բարոյական նորմեր: Մենք կսատարենք այն քաղաքական ուժին, որը այս քրեաօլիգարխիկ համակարգի վերջը տալու վճռականություն կունենա»,- ասաց նա:










