«Ժառանգությունն» առաջարկում է Թեղուտի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը հեղինակել է ԱԺ որոշման նախագիծ՝ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Նախագիծն ընդգրկված է նախագծերի «Դեռևս օրակարգում չներառված նախագծեր» բաժնում:
Հանձնաժողովի խնդիրներն են`
1. ՀՀ կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության համար ՀՀ օրենքներին հակասող որոշումների ընդունման,
2. ՀՀ կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության հետևանքով շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) ձախողման,
3. ՀՀ դատական իշխանության կողմից թույլ տրված անգործության, արդարադատության անմատչելիության վերաբերյալ ուսումնասիրությունը,
4. Հանձնաժողովը՝ իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս, իրավունք ունի իր որոշմամբ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել և ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, տեղեկատվություն, նախապես տեղեկացնելով՝ ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին, պահանջել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, ինչպես նաև հրավիրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ առնչություն ունեցող անձանց` համայնքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների և այլոց, լսել նրանց բացատրությունները։
Հանձնաժողովի ձևավորման սկզբունքն է. ընդգրկվում է մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, և ևս մեկը՝ խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:
Հանձնաժողովն իր կազմից պետք է ընտրի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին, իսկ տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը՝ ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2013 թվականի մարտի 31-ին, և նա իր գործունեության արդյունքների մասին մինչև 2013 թվականի ապրիլի 15-ը զեկուցում է ԱԺ նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:
Իբրև հիմնավորում նշվում է՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ օրենքների, Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի և այլ իրավական ակտերի պահանջների շրջանցումը ՀՀ կառավարության կողմից:










