Գերմանիայի բնակչության 59%-ը և «Կանաչների» կուսակցությունը դեմ է Թուրքիային Patriot համակարգեր տրամադրելուն
Գերմանիայի «Կանաչների» կուսակցությունը կոշտ պայմաններ է դրել Թուրքիային Patriot ՀՕՊ համակարգեր տրամադրելու համար, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով ֆրակցիայի ղեկավար Յուրգեն Թրիտինի Spiegel-ին տված հարցազրույցին:
Թրիտինի խոսքով, կուսակցությունը չի ցանկանում, որ Գերմանիային ներքաշեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեջ կամ, որ ՀՕՊ համակարգերի մատակարարման հաշվին հակամարտության լարում լինի: Կուսակցությունը կառավարությանը կոչ է անում հստակ նշել, որ «Կանաչները» հանդես են գալիս Սիրիայում «թռիչքազերծ գոտի» սահմանելու դեմ:
Նոյեմբերի 20-ին ՆԱՏՕ-ն համաձայնել էր Թուրքիայի դիմումին ի պատասխան տրամադրել Patriot ՀՕՊ համակարգեր, Սիրիայից հնարավոր հրթիռակոծումից պաշտպանվելու համար: Նման ՀՕՊ համակարգեր առանց սեփական անվտանգությունը վտանգելու կարող են տրամադրել Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդերլանդները:
Գերմանիայի պաշտպանության նախարարը արդեն հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության համաձայնության վերաբերյալ և հույս հայտնել, որ դեկտեմբերի սկզբին խորհրդարանի հաստատումից հետո հարցը լուծված կլինի:
Ավելի վաղ Գերմանիայում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության մեծ մասը դեմ է սիրիա-թուրքական սահման ՀՕՊ համակարգեր ուղարկելուն:
Մասնավորապես գերմանացիների 59%-ը համարում է, որ չի կարելի դա անել, և միայն 26%-ն է համաձայնվել կառավարության նման որոշման հետ:










