Հանրահավաքներ չանելը հուշում է ՀԱԿ–ի քաղաքական նոր գործընթացի մասին. Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի հանրահավաքների դադարը միմիայն հուշում են նոր իրական քաղաքական գործընթացի մասին:
«Դա ոչ մի նշանակություն չունի: Ճիշտ հաշվարակված դադարները լուրջ էլեմենտ են իրական քաղաքական գործընթացի կառուցման գործում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը հավատացրեց, որ այս շրջանում ՀԱԿ-ի հանրահավաքների դադարը ամենից երկարը չէին:
«Մենք շատ ավելի մեծ պաուզաներ ենք արել, անգամ ղարաբաղյան շարժման ժամանակ եղել են սրանից ավելի մեծ դադարներ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ փոփոխություններն անխուսափելի են։
Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ քաղաքական գործընթացի կառուցման գործում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ մասնագետ է:
«Ի դեպ, ասեմ, որ դրա մասնագետը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որն ապացուցել է 88-91 թթ-ին: Գտեք այլ քաղաքական ուժ կամ գործիչ, որ կարողացել է կառուցել այսքան հզոր քաղաքական գործընթացներ՝ ժողովրդի մասնակցությամբ: Գտեք և ասեք»,- ասաց նա և վստահեցրեց, որ հայ ժողովուրդը չի կարող համակերպվել առկա վիճակի հետ:
Այս հարցում, ըստ նրա, մեծ է քաղաքական ուժերի միջև ծավալված քննարկումների դերը, որը, ըստ նրա, նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանն է ուղղված:
«Երբ ժողովուրդը տեսնում է, որ կա քաղաքական ուժերի համախմբվածություն, կա մարտահրավեր ռեժիմին, ժողովուրդը կհասկանա, որ եկել է ոտքի ելնելու պահը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է քաղաքականությունից դուրս գալ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ ինքը նման որոշման մասին տեղյակ չէ և իրեն նման բան չեն հայտնել:










