Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի նախագահին
Ազգայնի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները:
Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը և հետագա զարգացմանը:
ԱԺ նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը:
Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հովիկ Աբրահամյանին փոխանցել է Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիևայի ջերմ ողջույնները և պաշտոնական այցի հրավերը:
Թուրքմենստանի նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նա կարևոր և օգտակար է համարել Հայաստանի փորձը օրենսդրական բարեփոխումների ոլորտում:
Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության զարգացումը` Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առևտրատնտեսական ու գիտամշակութային կապերը և տեղեկացրել է, որ այսօր մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել:
Գուրբանգյուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով 2013թ. Աշգաբադում կկազմակերպվի գործարար ֆորում և Հովիկ Աբրահամյանին հրավիրել է մասնակցել այդ միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:










