Հալեպում թեժ մարտեր են ընթանում. դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել

13:30 • 29.11.12

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում այսօր առավոտյան դարձյալ թեժ մարտեր են սկսվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
 

Դրանք ընթանում են հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հարևանությամբ գտնվող Բոսթան Փաշա թաղամասում։ Այստեղի հայ բնակիչներն ընթացող մարտերի պատճառով վաղուց ի վեր լքել են իրենց տները։ Համեմատաբար անվտանգ վայր է տեղափոխվել նաև հայկական ծերանոցը։


Նոր Գյուղի բնակիչների համոզմամբ՝ մինչև առավոտ շարունակված մարտերն ամենաուժգինն են եղել վերջին շրջանում։
 

Դեռևս չի հաջողվել վնասազերծել Նոր Գյուղ թաղամասի բնակիչներին ամիսներ շարունակ սարսափի մեջ պահող դիպուկահարին։


Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբերը տեղեկացրեց, որ առավոտյան դիպուկահարի գնդակից դարձյալ հայ կին է վիրավորվել։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։
 

Ական է պայթել նաև Սուլեյմանիե հայաշատ թաղամասում։ Այստեղ ևս դիպուկահարի գնդակից աղջիկ է վիրավորվել, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։