Փղերի իշխանության պայքարը քաոս է առաջացրել Հոլանդիայի կենդանաբանական այգում

21:22 • 29.11.12

Եվրոպական ամենաշատ այցելվող կենդանաբանական այգիներից մեկի` հոլանդական Էմմենում գտնվող այգու ղեկավարությունը ստիպված է բաժանել ասիական փղերին, որոնք արդեն մի քանի ամիս պատերազմական վիճակում են, հաղորդում է vesti.ru-ն` հղում կատարելով DutchNews-ին:


Հսկա փղերից 12-ից 8-ը ապստամբել են և փորձում են վռնդել իրենց ցեղակիցներից մի քանիսին:


Նոր տուն կտեղափոխվեն 4 կենդանիներից բաղկացած ընտանիքը` էգ փղին, իր երեք փղիկների հետ: Կենդանիները շատ են ճնշվում մյուս ազգակիցների կողմից, որոնք փորձում են նրանց դուրս մղել իրենց տարածքից:


Փղերի ազատավանդակում հեղափոխությունը սկսվել է նախորդ ամռանը, երբ մահացել է ծեր էգ փիղը, որը երկար տարիներ գլխավորում էր փղերամը:


Այդ ժամանակվանից փղերը ծայրահեղ ագրեսիվ վիճակում են, ինչը քաոս է առաջացրել այգում և բարդացրել աշխատակիցների գործը:


Տնօրինությունը մինչև վերջին պահը հույս ուներ, որ երկու խմբավորումները կկարողանան հարթել տարաձայնությունները և հակամարտությունը քաղաքակիրթ լուծում կստանա, սակայն այլևս նման ելքի հույսեր չկան:


«Մենք մեծ հույս ունեինք, որ նրանք կհաշտվեն, սակայն դա տեղի չունեցավ: Սոցիալական հարաբերություններում նրանք իրենց իսկապես մարդկանց պես են պահում», - ասել է կենդանաբանական այգու աշխատակիցը:

 Elephants play with a newborn elephant at the Emmen Zoo in 2008. (AFP)