Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսից միջազգային օդանավակայան տանող ճանապարհի անվտանգությունը

23:14 • 29.11.12

Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսից դեպի միջազգային օդանավակայան տանող ճանապարհի անվտանգությունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը:


«Դեպի միջազգային օդանավակայան ճանապարհի անվտանգությունը, որը խաթարվել էր զինված ահաբեկիչների կողմից ավտոմեքենաների վրա հարձակումներից, վերականգնվել է պատկան մարմինների միջամտությունից հետո», - հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:


Reuters գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի ավելի վաղ, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը» հայտարարել էր, որ 27 կմ երկարությամբ ճանապարհը, որը Դամասկոսից դեպի օդանավակայան է տանում, «փակվել է զինված բախումների պատճառով»: ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ, ովքեր հանդիսանում են Ավստրիայի քաղաքացիներ, վիրավորվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում անհայտ մարդկանց հարձակման հետևանքով:


Նաև ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի և Դուբայի ավիաընկերությունները դադարեցրել էին չվերթները դեպի Դամասկոս՝ օդանավակայանի շուրջը տիրող իրավիճակի պատճառով: