Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը Կառավարության շենքի դիմաց հացադուլ է սկսում

16:40 • 29.11.12

Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօր Կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել, որպեսզի Կառավարության ուշադրությունը հրավիրի իր կատարած գյուտերի վրա։


Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ էներգետիկայի, գլոբալ տաքացման հարցը կլուծվի, եթե իր գյուտերը կիրառեն, բայց «տեր կանգնող չկա»:


«Ապացուցել եմ, որ օգտակար գործողության գործակիցը 100-ից մեծ կարող է լինել: Ակադեմիան ասում է, ՕԳԳ–ն աշխարհը սահմանել է, որ 100-ից մեծ չի կարող լինել, ես ապացուցել եմ, իրանք սահմանել են: Արտոնագրեր եմ ստացել, գիտնականների կարծիքը կա: Հարյուրավոր բանաձևեր աշխարհում հայտնաբերել եմ, որ սխալ ա»,- ասաց Հենրիկ Մխիթարյանը:


Մաթեմատիկոսի կարծիքով, եթե գիտական որևէ կազմակերպություն ապացուցի, որ որևէ բանաձև սխալ է, ապա կարժանանա Նոբելյան մրցանակի, իսկ իրեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում:


«Ասում եմ կառավարության ղեկավարներից մեկը թող գա, քննարկենք, գիտական կազմակերպությունները իմ ներկայությամբ քննարկեն, եթե ես սխալ եմ, թող ասեն սխալ ես, թողեմ գնամ: Եթե ես սխալ չեմ, գյուտերս ներկայացնեմ աշխարհին»:


Հենրիկ Մխիթարյանն ասում է, որ եթե իրեն տեր կանգնող չլինի, կգնա. «Հացադուլ անելով ի՞նչ կլինի»: