Բնապահպաններն արձանագրում են հաղթանակ և նոր մեկնարկ՝ Խոսրովի անտառի տնօրենի չնշանակման առիթով
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը՝ Գաբրիել Պողոսյանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում չնշանակվելու փաստով, արձանագրում է հասարակության փոքր հաղթանակ և նոր մեկնարկ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի արդար ընտրությունների շեշտադրմամբ:
«Երբ բնապահպանական և քաղաքացիական նախաձեռնությունները օրակարգում որևէ հարց են դնում և հասնում թեկուզև փոքր հաղթանակի՝ հաղթում է հասարակությունը, ժողովուրդը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Եղիա Ներսիսյանը և հավելեց. «Բայց սա վերջնական հաղթանակ չէր, և հիմա սկսվում է նոր մեկնարկ՝ արդար ընտրություններ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ « Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը (հայտնի Նոնո մականունով) չի նշանակվել այդ պաշտոնում:
Եղիա Ներսիսյանն ավելացրեց, որ հարցի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով բազմաթիվ արժանավոր մարդիկ՝ ովքեր նաև բնապահպանական արժեքների կրողներ են, տեղեկացրել են, որ նման մրցույթ է անցկացվել ու անցկացվելու է, և որ բնապահպանները նրանց մեջքին են. թող ընտրվի արժանավորը:
«Կառավարման դպրոցից մի անձ կա, մեկն էլ, որ հնդկաստաններում երկար տարիներ յոգայի վարպետ է, ու էլի ուրիշ շատ արժանավորներ: Իսկ որ դիմողների մեջ լինեն հենց ակտիվիստները, չեմ կարծում, որովհետև՝ տնօրենը այլ բան է, ակտիվիստը՝ այլ: Ակտիվիստը ակտիվություն է, ինքը ակտիվիզմով պետք է զբաղվի»,- ասաց Եղիա Ներսիսյանն ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ թափուր տեղի համար դիմի նաև ակտիվիստներից որևէ մեկը:
Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անց է կացվել աշխատանքային քննարկում, որի ժամանակ նախարարը նշել է թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը:
Ի պատասխան հարցի, թե , այնուամենայնիվ, ի՞նչը պատճառ դարձավ, որ Գաբրիել Պողոսյանը չնշանակվեց, բնապահպանն ասաց, թե միայն մրցույթի՝ համացանցում տեղադրված տեսանյութը բավական էր, քանի որ նրա խոսքով՝ «ողջ հանրապետությունը հռհռում էր այն տեսարանից, թե նա ինչպես է հազիվ կարդում»:










