Լոնդոնում ընտանեկան բռնության մեղադրանքով 320 մարդ է ձերբակալվել

09:48 • 29.11.12

Լոնդոնյան ոստիկանությունը 320 մարդ է ձերբակալել ընտանեկան բռնության դեմ հատուկ գործողության շրջանակում, հայտնում է Russia Today-ը։ 


Ըստ իրավապահ մարմինների վիճակագրության՝ Բրիտանիայի մայրաքաղաքում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության իր զուգընկերոջ կողմից։


«Աֆինա» կոդային անվանումով գործողությունը տևել է ուղիղ մեկ շաբաթ, նրանում ընդգրկված են եղել ոստիկանության այն ենթաբաժինները, որոնք մասնագիտացված են նման տեսակի իրավախախտումներում, հայտնում է BBC-ն։ Ձերբակալությունները կատարվել են ծեծի, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների և բռնաբարությունների կասկածանքով։


Սքոթլենդ Յարդի ղեկավարությունը վստահեցնում է, որ նման գործողությունները վերջինը չեն և ընտանեկան բռնության դեմ պայքարը համարվում է նրա աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը։


«Արմատախիլ անել ընտանեկան բռնությունը հեշտ չէ, եթե ընդհանրապես հնարավոր է։ Չէ որ նման փաստերի մասին շատ հաճախ չեն խոսում. կանայք նախընտրում են համբերել»,- ասում է Լոնդոնի ոստիկանության պետի տեղակալ Դայմոն Բիրնը։
«Սակայն դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք անելու։ Տանջանքները, որոնք պատճառում են հարազատներին տնային բռնակալները, չպետք է անտեսվեն»,- ավելացրել է նա։


Սքոթլենդ Յարդում նշում են, որ վերջին շրջանում այդ չարիքը Բրիտանիայի մայրաքաղաքում լայն մասշտաբների է հասել։ Տարեկան 2 մլն դիմումներից 10%-ը ընտանեկան բռնության մասին բողոքներ են։
Այս տարի ընդունվել է արդեն 30 հազար նման բողոք։