Ասանժը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ

10:18 • 29.11.12

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով այս տարվա հունիսից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը, Լոնդոնում Էկվադորի դեսպան Անա Ալբանը (Ana Alban) չի հայտնել՝ նշելով միայն, որ հնարավոր է հիվանդությունն ավելի խորանա։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ասանժին պարբերաբար զննում են, իսկ բժշկական ծառայությունների դիմաց վճարում են Էկվադորի իշխանությունները։

 

Ինքը՝ Ասանժը, CNN-ի հետ հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել իր հիվանդության մասին լուրերը՝ նշելով, որ դա այն թեման չէ, որն արժանի է ուշադրության։

 

Նախորդ ամիս Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն հայտնել էր, որ Ասանժը կորցնում է քաշը և տեսողության հետ կապված խնդիրներ ունի։