Մեզ մոտ բոլորը գիտակցում են, որ հիմա բանակցային փուլ է և աշխատում ենք էդ գործընթացին չխանգարել. Լյուդմիլա Սարգսյան
«Մեզ մոտ որևիցե խնդիր չի առաջացել՝ քննարկելու այլ թեկնածություն: Ընդամենը բոլորը գիտակցում են, որ հիմա բանակցային փուլ է և աշխատում ենք էդ գործընթացին չխանգարել»,- այսպես արձագանքեց «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության ատենապետ, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի այն դիտարկմանը, թե, ըստ ՀԱԿ-ում շրջանառվող տեսակետների, դեռևս հստակ դիրքորոշում չկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական մասնակցության շուրջ։
Նշենք, որ երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալված ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, թե նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական մասնակցության շուրջ հստակ դիրքորոշում դեռ չկա, և դա օրերի ու շաբաթների հարց կլինի այն բանից հետո, երբ բանակցություններն ավարտվեն և որոշումներ կայացվեն այս կամ այն թեկնածության կամ թեկնածությունների վերաբերյալ:
Այս կապակցությամբ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Վլադիմիր Կարապետյանը քաղխորհրդի անդամ չէ, և նա իր անձնական կարծիքն է արտահայտել:
Նա հավելեց նաև, որ նույնիսկ նրանք, ովքեր վերապահումով էին մոտենում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, նրանք նույնպես գիտակցում են պահի կարևորությունը և միավորման անհրաժեշտությունը:
Լյուդմիլա Սարգսյանը հերքեց նաև երեկ կայացած «Հայ ազգային կոնգրեսի» քաղաքական խորհրդի նիստից հետո առանձին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՀԱԿ-ում կա ներքին լարվածություն՝ կապված նախագահական ընտրությունների վերաբերյալ ձգձգվող լռության և անհստակությունների հետ: «Բացարձակ լարվածություն չկա, ընդամենը կա սպասում, թե ի՞նչ զարգացումներ են լինելու, և ինչ առաջադրումներ, բայց քննարկում, որ ի՞նչ է լինելու, ինչո՞ւ մինչև հիմա կոնկրետություն չկա, էդպիսի հարց վեր չի հանվել: Խոսվել է այն մասին, թե պետաիրավական հանձնաժողովում ինչպես է ներկայացվել մարտիմեկյան հանձնաժողովի կազմման խնդիրը, և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մտցնելու մեր նախաձեռնությունն է քննարկվել: Շատ արագ վերջացրել ենք քաղխորհուրդը, շատ լավ տրամադրությամբ, ոչ մի արտառոց բան»,- ասաց նա:
ՍԴՀԿ ատենապետից կարծիք հարցրեցինք նաև այսօրվա «168 ժամ»-ում հրապարակված այն տեղեկության մասին, ըստ որի, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից և Լևոն Զուրաբյանից Կոնգրեսում բոլորը դեմ են «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը և «անգամ՝ սարսափած են նրա հետ միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարից»։ Լ. Սարգսյանն ասաց, որ նման խնդիր չի քննարկվել, որպեսզի ինչ-որ մեկն էլ արտահայտվի՝ կո՞ղմ է, թե դեմ: «Մեր օրակարգում մի խնդիր է՝ միասնական համախմբվածությամբ ընդդիմությունը գնա ընտրությունների: Իհարկե, դրան զուգահեռ մենք փաստում ենք, որ մեր համար ցանկալի միասնական թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այլ թեկնածություններ ընդհանրապես չեն քննարկվել: Ամենայն անկեղծությամբ»,- ասաց նա:
Այն հարցին, թե կարելի՞ է բանակցություններն ամփոփելով ասել, թե ինչ հանգրվանի են հասել կուսակցությունները, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Նախ չեմ կարող ամփոփել, որովհետև բանակցությունները շարունակվում են, երբ կլինի կոնկրետ արդյունք, մենք կարտահայտենք մեր տեսակետը: Դեռ չկա վերջնական մոտեցում»:
Այնուամենայնիվ, ըստ Լ. Սարգսյանի, «համաձայնությունների դաշտ» կա, և դա հետևյալն է. «Երկիրը իրոք անդունդի եզրին է կանգնած, և դա գիտակցում է թե՛ ԲՀԿ-ն և թե՛ ՀԱԿ-ը և մտածում են, թե միասնական օրակարգով ինչպես կարելի է հանդես գալ նախագահական ընտրություններին: Եվ ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվի «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»:
Մեր դիտարկմանը, թե մինչ այս մշտապես նշվում էր, թե բանակցողները անձերի վրա չեն կենտրոնանում՝ նկատի ունենալով միասնական թեկնածուին, բայց այսուհանդերձ, որպես վերջնանպատակ, նման կենտրոնացում պետք է լինի, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց. «Կգա նաև դրա ժամանակը»:










