Մարտունիում բերման է ենթարկվել ավելի քան 11 մլն դրամ յուրացրած կինը
Ոստիկանության Արարատի և Մարտունու բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին՝ ժամը 18.55-ին, Մարտունի քաղաքի Գևորգ Զավարյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Լաուրա Մ.-ին, որը 2011 թ. հոկտեմբերին, Շահումյան փողոցում գտնվող խանութից վերցրել է 1.227.000 դրամի տարբեր տեսակի ապրանքներ` խոստանալով գումարը վերադարձնել մեկ շաբաթում, սակայն խաբեությամբ տիրացել է ապրանքներին և թաքնվել:
Tert.am–ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Լաուրա Մ.-ն, 2011 թ. նոյեմբերին Նոր-Կյանք գյուղի Արարատյան փողոցում գործող խանութից վերցրել է 10.154.000 դրամի ապրանքներ` խոստանալով գումարը վերադարձնել մինչև ս/թ մայիս ամիսը, սակայն գումարից վերադարձրել է 156.000 դրամ, իսկ մնացած 9.998.000 դրամը մինչև օրս խաբեությամբ չի վերադարձրել:
Հանցագործության մասին նախկինում տուժողները ոստիկանություն չեն դիմել` մտածելով, որ Լաուրա Մ.-ն գումարները կվերադարձնի:
Կատարվում է հետաքննություն:










