Մեդվեդևը նշել է Վրաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանը
Մոսկվայի և վրացական նոր կառավարության միջև երկխոսությունը հնարավոր կլինի՝ հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրողությունները, ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, գրում է Взгляд-ը։
«Դա հեշտ ճանապարհ չէ, սակայն Ռուսաստանը միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության Վրաստանի նոր կառավարության հետ, սակայն, իհարկե, հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրողությունները և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման որոշումները, որոնք ընդունել է Ռուսաստանը»,- հայտարարել է նա։
Մեդվեդևը նաև ասել է, որ Վրաստանի ներկայիս վարչապետն արդեն քաղաքական գործիչների այլ սերունդ է. Ռուսաստանի իշխանությունները կհետևեն նրա գործողություններին։
«Այնտեղից գալիս են որոշ ազդանշաններ այն մասին, որ լավ կլինի կարգավորել կապերը, դեռևս դիվանագիտական մակարդակի վրա, սակայն, հիշեցնեմ, որ դիվանագիտական կապերը խզել էր Վրաստանը, այլ ոչ ՌԴ-ն. մենք ուշադիր կլինենք այդ ազդանշանների նկատմամբ»,- ասել է ՌԴ վարչապետը։
Մեդվեդևն ասել է նաև, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում հումանիտար համագործակցությունը վերականգնելու մեջ։ «Ինքնաթիռները մեկնում են, կապը մարդկանց միջև կա, պահպանվել են մշակութային կապերը, առևտրա-տնտեսական հարաբերությունները նույնպես կարող են վերականգնվել»,- կարծիք է հայտնել Մեդվեդևը։
Նա նաև ասել է, որ միակ մարդը, ում հետ ինքը պատրաստ չէ նստել սեղանի շուրջ, Միխեիլ Սաակաշվիլին է։ «Նա պատերազմ սկսեց, հանցագործություն կատարեց, հանցագործություն նախ և առաջ վրաց ժողովրդի առաջ, այլ ազգերի առաջ, որոնց քաղաքացիների մահվան մեջ մեղավոր է նա»,- ընդգծել է վարչապետը։










