Վայոց Ձորում «ԲՄՎ»-ն բախվել է գազատարին. 22-ամյա վարորդը մահացել է
Այսօր, ժամը 17.18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 ՕՍ 784 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 22-ամյա Ռ. Մովսիսյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է: Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:










