Armenian Power-ի հայ անդամը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ բանկային խարդախության համար

11:46 • 29.11.12

ԱՄՆ-ում գործող Armenian Power հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Շարոպետրոսյանը, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ազատազրկման ժամանակ բանտից անձնական տվյալների գողություն և բանկային խարդախություններ կազմակերպելու համար, հայտնում է Glendale News Press-ը։

 

Ազատազրկումից զատ, Բըրբենկի 33-ամյա բնակիչ Շարոպետրոսյանը պարտավոր է նաև 1.56 մլն դոլարի փոխհատուցում վճարել։ 

 

ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Դևիդ Քարթերը, բացի հայազգի տղամարդուց, ազատազրկման է դատապարտել նաև նրա հանցակից՝ Լոս Անջելեսի 36-ամյա բնակիչ Ագնուս Բրաունին, ով ևս ներգրավված է եղել բանկի տարեց հաճախորդների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գողանալու, նրանց ստորագրությունները կեղծելու և վերջինների բանկային հաշիվների հետ կապված խարդախությունների կազմակերպման մեջ։  

 

Ի տարբերություն Շարոպետրոսյանի՝ Բրաունի բախտն ավելի քիչ է բերել. դատարանի վճռի համաձայն՝ պատճառած վնասի դիմաց նա պարտավոր է 8 մլն դոլարի փոխհատուցում վճարել։

 

Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ երկարատև բանկային խարդախության զոհ է դարձել 500-1000 մարդ։


Մեղադրող կողմի համաձայն՝ «2 հանցագործներն անգամ միտք էլ չեն ունեցել դադարեցնել իրենց խարդախ գործունեությունը»։

 

Ինչպես պարզվել է, նրանք ծանոթացել են Կալիֆոռնիայի «Ավենալ» բանտում, որտեղ Շարոպետրոսյանը կրում էր 10 տարվա ազատազրկում՝ ապօրինի զենք պահելու և հասարակական տրանսպորտի մեջ կրակ բացելու համար։ Հետագայում նա և Բրաունը, օգտագործելով զարտուղի ճանապարհով բանտ մտած բջջային հեռախոսները, ղեկավարել են խարդախության ողջ ընթացքը։ Սակայն նրանք չէին կարող «հաջողության» հասնել առանց բանկի  աշխատակիցների օգնության, որոնց կաշառքներ բաժանելով՝ ստացել են իրենց զոհերի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, սոցքարտերի համարներն ու ծննդյան ամսաթվերը։

 

Բացի Շարոպետրոսյանից ու Բրաունից, գործի շրջանակներում ազատարկման է դատապարտվել ևս 18 հոգի։ Նախքան 2-րդ ազատազրկումը, «Ձի» մականունով հայտնի Շարոպետրոսյանը նամակ է գրել դատավորին, որտեղ խոստովանել է, որ «հերոինը կործանել է իր կյանքը և իրեն միանգամայն այլ մարդ դարձրել»։