Պետք է ստեղծել ԽՍՀՄ-2. նախագահի թեկնածու` Ռոբերտ Ահարոնյան
Սոցիալիստական գաղափարախոսության մոդելով պետք է ցույց տալ, որ Հայաստանում իսկական ընդդիմություն կա, որը սոցիալիզմ է կառուցելու, իսկ նախագահի պաշտոնը պետք է լուծարել ու ստեղծել խորհուրդներ: Նման կոչով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը, ով հայտարարեց նախագահի թեկնածու դառնալու իր որոշման մասին:
Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել ԽՍՀՄ-2: «Նախագահական ընտրություններում ԽՍՀՄ-ի գովքով մոռացության են տալիս Սովետական Հայաստանը: Չկա Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, չկան նման ուժեր, որ մի պետությունում վաղվա օրվա մասին մտածեն»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը:
Ռոբերտ Ահարոնյանի խոսքով, ինքը մինչև 1999 թվականը զբաղվել է քաղաքական ակտիվ գործունեությամբ. « Տարիքով մարդիկ ինձ բավականին ճանաչում են: ԳԱՅԻ-ն էլ ինձ չի տուգանում, քանի որ ինձ ճանաչում են, խախտում չեմ անում ընդհանրապես, քանի որ կոմունիստական դպրոց անցած մարդիկ խախտումներ չեն անում»,- ասաց նախագահի թեկնածուն:
Մամուլի ասուլիսին ներկա «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման մամուլի քարտուղար Նարեկ Վարազդատյանի կարծիքով, ներկայիս անկախ երկիրը մեզ ոչինչ չի տալիս, բացի զոհերից:
«Կոմունիստները իշխանությունը հանձնելիս զոհ չտվեցին: Այստեղ իշխանություն վերցնելու համար ամեն հինգ տարին մեկ տալիս ենք զոհեր: Ամեն ընտրությունների ժամանակ զոհ տալը նորմալ չի»,- ասաց Նարեկ Վարազդատյանը:
Ռոբերտ Ահարոնյանը ժամանակին՝ «որպես անհատ մարդ», փորձել է համագործակցել քաղաքական բոլոր կուսակցությունների հետ. «Ամեն մի կուսակցությունից ես ինձ հետ բերել եմ մի ստվար զանգված, ովքեր շշկռված, խաբված մարդիկ են եղել, իսկ ես նրանց փորձել եմ հետ բերել: Եվ ինձ դա հաջողվել է, և ես կարող եմ ասել, որ մեր հետևից կանգնած է հզոր, մեծ թիմ: Ես ինձ իսկական թեկնածու եմ համարում»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը:
Իսկ թե նախագահական ընտրություններին որքան ձայն կհավաքի Ռոբերտ Ահարոնյանը, կարծում է, որ դա կախված է լրագրողների հետ աշխատանքից. «Երբ նրանք ճիշտ կմեկնաբանեն, այդ դեպքում ես բավականին շատ ձայներ կհավաքեմ»:










