Երևանում մեկնարկեց Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովը
Երևանում այսօր մեկնարկեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային համաժողովը, որին մասնակցելու են եկել ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության փորձագետներ Հայաստանից:
Համաժողովի բացմանն ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները: Մասնակիցներին ողջունեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ով ասաց, որ համաժողովը լավ առիթ է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մտքերի և գաղափարների փոխանակման համար:
«Ցավոք, այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և Հայաստանի նկատմամբ անմիջական ռազմական սպառնալիքին, վարվող հայատյաց քաղաքականությանը և, առհասարակ, նրա վարքագիծը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգիռ չէ տարածաշրջանի կայունության հարցում»,- ասաց նա:
Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
«Օրակարգում հենց անվտանգության համակարգի սահմաններում Ղարաբաղին և Հայաստանին առնչվող հարցերի քննարկումներն են»,- համաժողովի օրակարգը ներկայացրեց նա:
Երկօրյա համաժողովին զեկույցներով հանդես կգան հայաստանյան և միջազգային մի շարք փորձագետներ, պրոֆեսորներ, դեսպաններ և դեսպանության ներկայացուցիչներ:










