Հայաստանի և Թուրքիայի միջև թշնամություն չկա. թուրք պրոֆեսոր
Թուրքիայի «Քադր Հաս» համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Մուստաֆա Այդինը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև թշնամություն չկա։
«Կան անհամաձայնություններ, բայց ոչ թշնամանք, և երկու երկրներն իրար հետ չեն պատերազմում»,- այսօր «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց թուրք պրոֆեսորը։
«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները հիմա ռազմավարական, քաղաքական և տնտեսական են: Այդ կապը չի գալիս պատմությունից և նրանից, որ նրանք մոտիկ ազգեր են, այս երկրներին կապում է նաև էներգետիկ համագործակցությունը»,- ասաց Մուստաֆա Այդինը՝ միևնույն ժամանակ հավաստելով, որ Ադրբեջանն, իրոք, ազդում է հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի թուրքական որոշ զանգվածների հետ, և նրանք ունեն այդ հնարավորությունը, որպեսզի ազդեն Թուրքիայի վրա»,- նշեց նա:
Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ թուրք պրոֆեսորն ասաց, որ նման քայլ չպետք է իրականացվեր, և դա դատապարտելի է:










