ԱՄՆ-ում աճուրդի կահնվեն Ջոն Լենոնի, Վան Գոգի, Ջորջ Վաշինգտոնի և Պյոտր Չայկովսկու նամակները

11:22 • 29.11.12

Ամերիկյան Profiles in history աճուրդի տունը դեկտեմբերի 18-ին վաճառքի կհանի հայտնի մարդկանց նամակները, այդ թվում՝ լեգենդար «Բիթլզ» խմբի առաջնորդ Ջոն Լենոնի, նիդեռլանդցի նկարիչ Վինսենթ Վան Գոգի, ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և հայտնի ռուս երգահան Պյոտր Չայկովսկու, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 


Ինչպես և սպասվում է, հայտնի բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնին գրված Լենոնի նամակի սևագիրը կվաճառվի 20-30 հազար դոլարով։ Այդ 8 էջանոց նամակում, որը գրվել է 1971թ. սեպտեմբերի 29-ին, Լենոնը հիացմունք է հայտնում նրա տաղանդի վերաբերյալ և առաջարկում խումբ ստեղծել։

 

Աճուրդի գլխավոր նմուշ կդառնա նաև Վան Գոգի նամակը՝ գրված 1890թ., ֆրանսիական սրճարանի տերեր Ժոզեֆ և Մարի Ժինուներին, որտեղ սիրում էր լինել նկարիչը։ Չորս էջանոց նամակում նկարիչը տիկին Ժինուին առողջություն է մաղթում։ Այդ նամակի արժեքը կազմում է 200-300 հազար դոլար։

 

Ջորջ Վաշինգտոնի նամակը գրվել է 1798թ. օգոստոսի 15-ին, քահանա Ջոնաթան Բաուչերին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև չհայտարարված ծովային պատերազմի ընթացքում։ Այս նամակը նույնպես կվաճառվի 200-300 հազար դոլարով։

 

Աճուրդում կվաճառվի նաև Չայկովսկու նամակը՝ գրված իր մտերիմ ընկերոջը՝  երաժշտա- և գրաքննադատ Գերման Լարոշուին։ Այս նմուշի արժեքն է 10-15 հազար դոլար։ Ինչպես նշում են աճուրդի կազմակերպիչները, Չայկովսկու ձեռագիր նամակները բացառիկ են։


Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 18-ին հեռախոսի և համացանցի միջոցով տեղի ունենալիք աճուրդում վաճառքի կհանվի ավելի քան 300 պատմական փաստաթուղթ։ Դրանց թվում են նաև Լուի Պաստերի, Զիգմունդ Ֆրեյդի, Չարլզ Դարվինի, Մարի Կյուրիի, Ջուզեպե Վերդիի, Հենրիխ II-ի և Նապոլեոն I-ի նամակները։