ՁԻԱՀ-ը Հայաստան է գալիս «խոպանչիների» ճանապարհով. մասնագետներ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Արենսը կարծում է, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցներն ավելի քան կարևոր են, քանի որ շատ հայ ընտանիքների հայրերը մեկնում են արտագնա աշխատանքի այն երկրներ, որտեղ հիվանդությունը լայն տարածում ունի:
«Մենք հասկացել ենք, որ առողջապահության և սոցիալական հարցերը սերտորեն կապված են իրար հետ: Բարեբախտաբար, Հայաստանում վարակվածության դեպքերը մեծ թիվ չեն կազմում, բայց այն, որ արտագնա աշխատանքի մեկնողների պարագայում ռիսկը մեծ է, Հայաստանում հիվանդության կանխարգելիչ կենտրոնների դերն ավելի է մեծանում»,- ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան` դեկտեմբերի 1-ին ընդառաջ այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա` փաստելով, որ կանխարգելման ուղղությամբ Հայաստանում մեծ ջանքեր է գործադրել, ինչպես նաև հիվանդության մասին բնակչության իրազեկվածության մակարդակն է բարձրացել:
Այն, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի ռիսկայնությունը բարձր է մեծաթիվ «խոպանչիների» առկայության պայմաններում, իր խոսքում փաստեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «2011թ.-ից մինչև 2015թ.-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով. մահվան դեպքեր` զրո, վարակվածություն` զրո, խտրականություն` զրո: Հայաստանում նույնպես աշխատանք ենք իրականացնում հասնել այս նպատակին»,- ասաց նա:
Նշենք, որ 2011թ.-ի դրությամբ աշխարհում կար 34մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. Նրանց գերակշիռ մասը Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում է, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,4 մլն-ի:










