WikiLeaks-ի ինֆորմատորը պատմել է բանտում իր նկատմամբ կիրառվող դաժանությունների մասին

10:13 • 30.11.12

Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը, ով մեղադրվում է սկանդալային WikiLeaks կայքին պատմության մեջ ամենամեծ քանակի գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար, սկսել է ցուցմունքներ տալ Ֆորտ Միդի ռազմական տրիբունալում, հայտնում է BBC-ն։

 

Դատական լսումների 3-րդ օրը 24-ամյա շարքայինը պատասխանել է 2010 թ.-ի մայիսին Բաղդադում իր ձերբակալությունից հետո բանտում իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին հարցերին։

 

Մենինգի փաստաբանը պնդում է , որ նախնական ազատազրկման ընթացքում,  մասնավորապես՝ Վիրջինիայի Կվանտիկո ռազմական բանտում, իր պաշտպանյալին հատուկ դաժանությամբ են վերաբերվել։

 

Փաստաբանը պահանջում է, որպեսզի հանվեն բոլոր մեղադրանքները, քանի որ Մենինգին Կվանտիկոյում չափից ավելի դաժան պայմաններում են պահել։ Մասնավորապես, 9 ամիս շարունակ, օրական 23 ժամ նա անցկացրել է փոքրիկ, 1-հոգանոց խցում և մի քանի գիշեր էլ ստիպված է եղել ամբողջովին մերկ քնել։ Նրանից խլել են ակնոցները, իսկ զուգարանի թուղթն էլ միայն հատուկ խնդրանքի դեպքում են տվել։

 

Մենինգը պատմել է, որ նախքան Կվանտիկոն, մի քանի շաբաթ էլ անցկացրել է Քուվեյթի ամերիկյան Արֆիջան ռազմաբազայում։
«Այնտեղ ես անընդհատ մտածում էի ինքնասպանության մասին։ Ամեն ինչ մտքում խառնվել էր. ցերեկը դարձել էր գիշեր, գիշերը՝ ցերեկ։ Այդ ողջ ընթացքում ես որևէ լուր չունեի իմ փաստաբանից և շփվում էի միայն հոգեբանի հետ, ում հետ էլ կիսվում էի ինքնասպանություն գործելու մտքերով »,-ասել է նա։

 

Մենինգին «թշնամու հետ համագործակցելու համար» սպառնում է ցմահ ազատազրկում։