10 տարի թաքնվելուց հետո կանադացի էկոահաբեկիչը հանձնվել է ՀԴԲ-ին
Կանադայի քաղաքացին, ով մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում էկոլոգիական ահաբեկչություն իրականացնելու մեջ և 10 տարի թաքնվել է իրավապահներից, հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
39-ամյա Ռեբեկա Ջանեթ Ռուբինը հանձնվել է ՀԴԲ գործակալներին նոյեմբերի 29-ին, կանադա-ամերիկյան սահմանին՝ Բլեյն քաղաքում (Վաշինգտոն նահանգ)։ Նման քայլի դրդապատճառները դեռևս անհայտ են։
Ռուբինը համարվում է «Ընտանիք» խմբավորման 13 անդամներից մեկը, որն ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում 1996-2001 թթ.-ին մի շարք հարձակումներ է իրականացրել տնտեսական և արտադրական օբյեկտների վրա։
Խմբավորման անդամները վստահեցրել են, որ իրենց թիրախը դարձել են միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցրել շրջակա միջավայրին։ Նրանք, օրինակ, հարձակվել են մսի գործարանների վրա և այրել դրանք։ Նրանց գործունեությունից հասցված վնասը կազմել է ավելի քան 40 միլիոն դոլար։
Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների՝ հենց «Ընտանիք» խմբավորման անդամներն են իրականացրել ամենազանգվածային էկոահաբեկչություններն ԱՄՆ-ի տարածքում։










