Ֆեյսբուքյան ահազանգ հայ աղջիկներին. զգուշացե՛ք Ստամբուլ հրավիրող Serdal Yılmaz-ից

20:43 • 30.11.12

Ֆեյսբուքյան օգտատեր Իզաբելլա Աբգարյանը «ֆեյսբուքահայության» իգական հատվածին այսօր արված գրառմամբ տեղեկացրել է, որ զգույշ լինեն, քանի որ Facebook-ում հայտնվել է Թուրքիայից ոմն Serdal Yılmaz, ով հայ աղջիկներին իր հաշվին հրավիրում է Ստամբուլ:


«Աղջիկներ ջան, ուշադիր եղեք: Facebook-ում Թուրքիայից ոմն Serdal Yılmaz-ը, ով շատ լավ խոսում է հայերեն, ծանոթանում է գեղեցիկ հայուհիների հետ, նրանց առաջարկում է գումար ուղարկել, որ գան Ստամբուլ: Շատ հնարավոր է, որ թրաֆիքինգի հետ գործ ունենք:Արգելափակեք դրան»,- գրել է Իզաբելլա Աբգարյանը:


Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երեկ, ընդունելով Serdal Yılmaz-ի ընկերանալու հրավերն այսօր առավոտյան ստացել է լատինատառ, բայց հայերեն հաճոյախոսություններ, որ հմայված է Իզաբելայի գեղեցկությամբ և նրան հրավիրում է Ստամբուլ ու պատրաստ է գումար ուղարկել:


«Հրավիրել էր, շատ լավ իմանալով, որ ամուսնացած եմ: Ես անմիջապես նրան արգելափակեցի»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը:


Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե «Ֆեյսբուքը» գտնվո՞ւմ է Ոստիկանության կիբերհանցագործությունների աշխատակիցների ուշադրության ներքո, Ոստիկանությունից նշեցին, թե քանի դեռ հանցագործության մասին հաղորդագրություն չկա՝ ոչ:


Իսկ որպեսզի ինչ-որ մեկի հայտարարությունը դիտվի որպես հանցագործության մասին հաղորդում, ապա այն պետք է հրապարակվի ոչ թե «Ֆեյսբուքով», այլ որևէ լրատվամիջոցով: