Ֆրանսիայի Սենատում «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» խորագրով կլոր սեղան է կազմակերպվել
Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվել է կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» խորագրով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ և լրագրողներ:
Միջոցառումը բացել է բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալևան, որն, իբրև ականատես, հանդես է եկել պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով, որից հետո ցուցադրվեց նրա` «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը:
Այնուհետև ծավալվել են քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ և հայ պատգամավորներ, ինչպես նաև պատմաբաններ ու փորձագետներ։
Կլոր սեղանի մասնակիցները կարևորել են Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտել են ռազմատենչ հայտարարությունները, ընգծել են Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության հաստատման տեսանկյունից։ Բանախոսներն առանձնակի շեշտել են, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, և որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության։










