Բերման են ենթարկվել Գառնիի «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրողները
Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժինը պարզել է տվյալ անձանց ինքնությունը։
Tert.am–ին Ոստիկանությունից տեղեկացրին, որ նախ ոստիկանություն է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն:
Վերջիններս նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել էին բնապահպան ակտիվիստներ Սամվել Հովհաննիսյանը և Սարմեն Շահիջանյանը։ Համացանցում նաև տարածվել էր տեսանյութ, որում պարզ երևում է, թե նշված մարդիկ ինչպես էին կոտրում քարերը։










