Նիկոլայ Ռիժկովը այցելել է Գյումրի (տեսանյութ)
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։ Այս մասին հայտնում է Tert.am-ի Գյումրիի թղթակիցը։
Ն. Ռիժկովին Գյումրի մուտքի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը։
Պարոն Ռիժկովը, ով Հայաստանում առավելապես հայտնի է 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտում և հատկապես Գյումրիում իր ցուցաբերած հսկայական աջակցությամբ, և որի համար էլ արժանացել է Հայաստանի ազգային հերոս կոչմանը, նախևառաջ եղել է Գյումրու տեխնոպարկում, ծանոթացել տեխնոպարկի աշխատանքների և ծրագրերին։
Այնուհետև նա եղել է Գյումրու քաղաքային մարզադաշտում, որտեղ «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը ներկայացրել է կապիտալ վերանորոգված մարզադաշտում իրականացված աշխատանքները և դեռ իրականացվելիք ծրագրերը։
Ռիժկովը և նրա գլխավորած պատվիրակությունը տեղի իշխանությունների հետ եղել են նաև «Պատվո բլուրում», «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում և «Մուշ – 2» թաղամասում։
Հիշեցնենք, որ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր գտնվում Երևանում երեկ կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Երեկ նրան ընդունել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։










