ՄԱԿ-ի որոշումը Պաղեստինի վերաբերյալ տեղում իրականությունը չի փոխի. Նեթանյահու

00:18 • 30.11.12

Իսրայելը չի հանդուրժում ՄԱԿ-ում պաղեստինյան պետականության վերաբերյալ պատրաստված բանաձևը և դրանից տեղում իրավիճակի իրական փոփոխություններ չի սպասում, այսօր հայտարարել է իսրայելական կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը մի քանի ժամ անց կքննարկի Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը և, ինչպես սպասվում է, կհաստատի հայցը ձայների ճնշող մեծամասնությամբ:


Նախազգուշացնելով, որ ՄԱԿ-ում միակողմանի դեմարշը պաղեստինցիներին միայն կհեռացնի սեփական պետություն ստեղծելու հնարավորությունից, Նեթանյահուն թվարկել է բանաձևի նկատմամբ իսրայելական կողմի բողոքները:


«Իսրայելը պատրաստ է խաղաղության մեջ ապրել պաղեստինցիների հետ, սակայն, որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի, պետք է Իսրայելի անվտանգությունը ապահովված լինի: Պաղեստինցիները պետք է ճանաչեն հրեական պետությունը և պատրաստ լինեն մեկընդմիշտ ավարտել հակամարտությունը նրա հետ: Այս պահանջներից ոչ մեկը տեղ չի գտել բանաձևում, և այդ պատճառով Իսրայելը չի կարող այն ընդունել», - ասել է վարչապետը:


ՄԱԿ-ի որոշումը որևէ փոփոխության չի հանգեցնի: Այն պաղեստինյան պետության կազմավորմանը չի աջակցի… Նշանակություն չունի, թե քանի պետություն մեր դեմ կքվեարկի: Ոչ ոք և ոչ մի բան ինձ չի ստիպի զոհաբերել Իսրայելի անվտանգությունը և խաթարել Իսրայելի ժողովրդի` իր հողի հետ հազարամյա կապը», - ասել է Նեթանյահուն: