Իսրայելի արտգործնախարարը Պաղեստինի առաջնորդին մեղադրել է քաղաքական ահաբեկչության համար

17:36 • 30.11.12

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին մեղադրել է քաղաքական ահաբեկչության մեջ՝ հայտարարելով, որ ներքին քաղաքականության սեփական ձախողումները նա փորձում է քողարկել արտաքին դաշտում իրավիճակը սրելով։


«Այն, ինչ անում է Մահմուդ Աբասը, քաղաքական ահաբեկչություն է։ ՀԱՄԱՍ շարժումը զբաղվում է ավանդական ահաբեկչությամբ, իսկ սա ահաբեկչության մեկ այլ ճյուղ է»,-ասել է նա։

 

Նրա խոսքով՝ պաղեստինցիների մեջ կան շատ այլընտրանքային, ադեկվատ մարդիկ։

«Եթե Մահմուդ Աբասը չհեռանա այսօր կամ վաղը, ապա մյուս օրն այնտեղ կգան ծայրահեղականները՝ անգամ ոչ մուսուլման եղբայրները»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ադեկվատ մարդկանց՝ իշխանության գալու դեպքում իրենք կաշխատեն նրանց հետ։
 

Իսրայելի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Աբասը չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձերը, փոխարենը գնում է ինքնաթիռ։

«Նա երկու ամիս շարունակ չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձը, փոխարենը գնել է նոր ինքնաթիռ՝ 53-54 մլն դոլար արժողությամբ»,-ասել է նա։