20 –րդ դարն ի ցույց է հանում ինքնորոշման ճանապարհով գնալու միտումը, բայց ամեն մի դեպքն ունիկալ է. քաղաքագետ

16:07 • 30.11.12

20 –րդ դարն ի ցույց է հանում ոչ թե ինտեգրման, այլ ինքնորոշման ճանապարհով գնալու միտումը, բայց ամեն մի դեպք և ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, երբ լրագրողները նրան առաջարկեցին գնահատել, թե ինչո՞ւ Պաղեստինի դեպքում Ադրբեջանը կողմ է ՄԱԿ-ի դիտորդ անդամ լինելուն, Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ ոչ: Այն դեպքում, երբ Պաղեստինին դիտորդ երկրի կարգավիճակ տալը նշանակում է, որ Պաղեստինը միջազգային դատարանում կարող է դատի տալ Իսրայելին, ներկայացնել հողային պահանջներ:


«Ամեն դեպքում մի մոռացեք և՛ Իսրայել պետության ձևավորման մասով, և պաղեստինյան հակամարտության մասով ՄԱԿ-ի որոշումը, որը գնում է դեպի 40–ական թվականներ, և այսօր մենք ուղղակի գործ ունենք այն գործընթացի հետ, որը բերում է պաղեստինյան պետության ձևավորմանը: Այսինքն՝ էստեղ խնդիր չի դրվում առայժմ այն համեմատության մեջ, թե արդյոք ԼՂ-ն կարո՞ղ է հանդես գալ որպես անկախ պետություն, թե ոչ»,- ասաց քաղաքագետը:


Այս իմաստով նա առաջարկում է համեմատություն անել ինքնորոշման ավելի թարմ գործընթացների հետ. Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան, Կոսովո, եվրոպական երկրներ:


«Խոսքն այսպես կոչված Ֆլանդրիայի պոտոնցիալի մասին է, որպես անկախության ձգտող միավոր, նաև Շոտլանդիայի և Կատալոնիայի: Կա Քվեբեկի գործընթացը»,- հիշեցրեց Ալեքսանդր Մարկարովը: