Թուրքիայի նոր օմբուդսմենը խոսել է Դինքի դատավարության ընթացքում իր մասնակցության մասին
Թուրքիայի Մարդու իրավունքների առաջին պաշտպան ընտրված Նիհաթ Օմերօղլուն, ով Հրանտ Դինքին Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտողներից մեկն է եղել, խոսել է Դինքի մասին։
Անդրադառնալով օմբուդսմեն ընտրվելուց հետո բարձրացած աղմուկին, թե մարդու իրավունքների պաշտպան ընտրված անձը Դինքին ՔՕ 301-րդ հոդվածով դատապարտողներից մեկն է եղել, Օմերօղլուն արդարացել է՝ ասելով, թե գործի քննության ընթացքում չի հասկացել, որ խոսքը Հրանտ Դինքի մասին է։
«Հրանտ Դինքին գիտեի ազգայնականների ռեակցիաների պատճառով, սակայն անգամ չեմ զգացել, որ դա նրա թղթապանակն է։ Անունը Ֆըրաթ Դինք էր գրված։ Խղճի մտոք եմ որոշում կայացրել, բայց ես միայնակ չէի։ 23 հոգի էինք, և ես ընդամենը մեկն էի»,-ասել է նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե նորընտիր օմբուդսմենի որդու ամուսնության վկան Ռեջեփ Թայիփ Էրդողանն է եղել, Օմերօղլուն հայտարարել է, թե չի զղջում այդ որոշման համար։
«Նորից լիներ, դարձյալ կհրավիրեի։ Եթե իմանայի, որ կգա, Քեմալ Քըլըչդարօղլուին էլ կկանչեի (Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ- Tert.am):










