PKK-ի կազմում ավելի քան 2 000 երեխա կա. թուրք նախարար

16:19 • 30.11.12

Ավելի քան 2 000 երեխա խաբեությամբ և բռնությամբ ներգրավված է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) շարքերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը։

 

Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, նախարարը հայտարարել է, թե PKK-ի շարքերը վերջին շրջանում նոսրացել են և զինյալները փորձում են բացը լրացնել երեխաների և դեռահասների միջոցով։

 

«Չնայած քուրդ զինյալները փորձում են Թուրքիայում քաոս ստեղծել, սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կազմակերպությունը զգալիորեն թուլացել է»,-ասել է Շահինը։

 

Անցնող 10 ամիսների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի տարբեր շրջաններում վնասազերծել են 716 քուրդ զինյալի. նրանցից 496-ը սպանվել են, 21-ը՝ վիրավորվել, 44-ը՝ ձերբակալվել, իսկ 155-ը հանձնվել են իշխանություններին։

 

Նշված ժամանակահատվածում անվտանգության ուժերն իրականացրել են 6 լայնամասշտաբ և 19 տեղային գործողություն՝ ընդդեմ զինյալների։