Գլենդելի հայկական եկեղեցում քննարկել են հայերի համար տաբու թեմա

17:22 • 30.11.12

Գլենդելի Սբ Աստվածածին եկեղեցում Հայ օգնության միությունը քննարկում է ծավալել տաբու թեմայի շուրջ՝ տեղի հայերի շրջանում թմրանյութերի չարաշահումն ու թմրամոլությունը,  հայտնում է Glendale News Press-ը:

 

Ելույթ է ունեցել դատական գործերում հայ երիտասարդներին պաշտպանած փաստաբան Կարո Ղազարյանը, ով նկատել է, որ թմրանյութերի օգտագործումը հայերի մոտ չի տարբերվում այլ համայնքներում նույն երևույթից: Միակ տարբերությունն այն է, որ հայերը չեն ցանկանում խոսել իրենց շուրջը կատարվող վատ բաների մասին: Նա կոչ է արել, որպեսզի հայ ծնողներն ավելի քաջատեղյակ լինեն իրենց երեխաների կյանքից:

 

Խոսել է նաև թմրանյութերի հետ կապված խնդիրներով հայ ընտանիքների հետ աշխատած փորձագետ Անժելիկ Շիրվանյանը: Ըստ նրա՝ հայ ծնողները հաճախ վախենում են սեփական երեխաներից:

Փասադենահայ սերժանտ Գրեգ Աֆշարյանը պատմել է, որ հայ երիտասարդների ձերբակալելիս նկատում է, որ նրանք իրենց միշտ ուրիշներից լավն են համարում: Ըստ նրա՝ հայ ծնողներն իրենց երեխաների հետ կատարվածի համար մեղադրում են ուրիշներին:


Քննարկմանը հանդես է եկել նաև միության նախագահ Լենա Բոզոյանը և այլ փորձագետներ:


Նախատեսվում է, որ սա կլինի առաջինը նման թեմաներով 4 ֆորումներից՝ ամերիկահայ համայնքներում: