Ընտրացուցակներում կան մարդիկ, ովքեր երկար տարիներ Հայաստանում չեն. Ստյոպա Սաֆարյան

14:11 • 30.11.12

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այդ ընտրատարածքի ընտրացուցակներում ներկայացված մարդկանց գրեթե 30 տոկոսը բացակայում է հանրապետությունից, ընդ որում, արդեն երկար տարիներ:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե սա է այն ռեսուրսը, որի վրա հույս է դրել Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուն:


«Ընտրացուցակների վերաբերյալ այս օրերի ընթացքում հայտարարությունների «փոխհրաձգություն» եղավ իմ և անձնագրային բաժնի միջև: Եթե ոստիկանությունը գտնում է, որ իրենց ցուցակները պատշաճ են, և բոլոր ներկայացվածները համարվում են ՀՀ քաղաքացիներ և ընտրողներ՝ թող այն երկրներում, որտեղ նրանք բնակվում են, կազմակերպվեն ընտրություններ, և թույլ տան, որ իմ ընտրողները մասնակցեն ընտրություններին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:


Պատգամավորի թեկնածուի խոսքով, եթե մայիսին ընտրողների հիմնական թիվը եղել է 63 814, ապա այս անգամ լինելու է 65 հազար մարդ:


«Ես հրապարակել էի հասցեներ, որտեղ երկու տարի առաջվա սեփականատեր մարդիկ շարունակում են լինել հաշվառված, և դա ընդամենը մեկ փաստ է: Այսօր նոր տվյալ ենք ստացել, որ Ռուբինյանց փողոցում տարիներ շարունակ գրանցված է մնում մի մարդ, ում տան բնակիչներին նույնիսկ չեն ճանաչում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։


Ընտրություններին և վաղվա լռության օրվան ընդառաջ, Ստյոպա Սաֆարյանը իր մրցակցին` Ռոբերտ Սահակյանին, առաջարկում է հեռուստաբանավեճ անցկացնել:


«Շաբաթներ առաջ բանավեճի առաջարկ արեցի մրցակցիս, ցավոք, որևէ պատասխան չեղավ, անգամ այն բանից հետո, երբ Պետրոս Ղազարյանն առաջարկեց անցկացնել հեռուստաբանավեճ, բայց այդ թեկնածուն հրաժարվեց` առանց պատճառաբանության»,– տեղեկացրեց նա:


«Եվս մեկ անգամ ուզում եմ առաջարկել որևէ հեռուստաընկերությամբ անցկացնել բանավեճը, եթե Ռոբերտ Սահակյանը ցանկանա գալ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 2-ին կայանալիք քվեարկությունից առաջ այսօրվա ասուլիսն իր վերջին հանդիպումն է լրագրողների հետ։