Սթրոս-Կանը համաձայնության է եկել իրեն բռնաբարության մեջ մեղադրող սպասուհու հետ

11:00 • 30.11.12

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս- Կանը և Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհին, ով 2011թ. մեղադրել էր պաշտոնյային սեռական ոտնձգության մեջ, համաձայնության են եկել դատական հայցի շուրջ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով The New York Times-ին։

 

Սթրոս-Կանի փաստաբանները նախատեսում են հանդիպել Sofitel հյուրանոցի սպասուհու՝ Նաֆիսատու Դիալոյի հետ հաջորդ շաբաթ, Բրոնքսի Գերագույն դատարանում։


Համաձայնության մանրամասները, հատկապես՝ դրամական փոխհատուցման վերաբերյալ, դեռևս հայտնի չեն։ Պարբերականի աղբյուրները վստահեցնում են, որ համաձայնագրի պաշտոնական ստորագրում դեռևս չի եղել։

 

Հիշեցնենք, որ Սթրոս-Կանը ձերբակալվել էր Նյու Յորքում, 2011թ. մայիսի 14-ին, հյուրանոցի սպասուհու ցուցմունքի  հիման վրա, ով մեղադրել էր պաշտոնյային իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ։