Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465.000-ից

18:06 • 30.11.12

Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465 հազարը։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի մամուլի խոսնակ Մելիսսա Ֆլեմինգը։

 

Նրա խոսքով՝ Հորդանանում ապաստան է ստացել 138 հազար փախստական, Լիբանանում՝ 133 հազար, Թուրքիայում՝ 123.7 հազար, Հյուսիսային Աֆրիկայում՝ 9.7 հազար մարդ։

 

Ներկայացուցիչը, սակայն, նշում է, որ փախստականների թիվն իրականում կարող է ավելին լինել։

 

«Տասնյակ հազարավոր սիրիացիներ չեն գրանցվել, ներառյալ՝ 150 հազարը Եգիպտոսում, 100 հազարը՝ Հորդանանում, 60-70 հազար Թուրքիայում, տասնյակ հազարներ՝ Լիբանանում»,-ասել է Ֆլեմինգը։

 

Նա նաև նշել է, որ լինում են դեպքեր, երբ փախչելու ընթացքում մարդկանց վրա կրակ է բացվում, և կոչ է արել անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Միևնույն ժամանակ Ֆլեմինգը դժվարացել է պատասխանել հարցին՝  փախստականների վրա կրակ են բացում ընդդիմադի՞ր զինյալները, թե՞ կառավարական զորքերը։

 

Խոսելով երկրի ներսում առկա՝ ներքին փախստականների մասին, նա հայտարարել է, որ հազարավոր մարդիկ տեղավորվել են չռմբակոծված շինություններում, հիվանդանոցների մեծ մասը չի աշխատում, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու լուրջ խնդիրներ կան։

Հղում անելով Սիրիայի արաբական Կարմիր մահիկին՝ նա նշել է, որ,օրինակ, Հոմսում այդ թիվը հասել է 250.000-ի, իսկ ողջ Սիրիայում փախստական է դարձել 2.5 մլն մարդ։