Տոկիոյում մեկնարկել է «Սիրիայի բարեկամներ» խմբի նիստը

09:04 • 30.11.12

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է այսպես կոչված՝ «Սիրիայի բարեկամներ» խմբի 5-րդ նիստը, հայտնում է Взгляд-ը։ Խմբում ընդգրկված է 60 երկիր, որոնք հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների սահմանման մասին։

 

Նիստի բացմանը Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան վստահություն է հայտնել, որ «բովանդակալից քննարկումը հզոր քաղաքական ազդանշան կլինի»։


Այս տարվա ապրիլից «Սիրիայի բարեկամներն» արդեն 4 հանդիպում է ունեցել, սակայն այն առաջին անգամ է անցկացվում Ճապոնիայում՝ ճապոնական կառավարության նախաձեռնությամբ։

 

Հանդիպմանը չեն մասնակցում Ռուսաստանն ու Չինաստանը։ Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի աջակցում այն նպատակներին, որոնք դրված են խմբի առաջ, քանի որ դրանք ուղղված են իրավիճակի սրմանը։