Ուկրաինայի Գերագույն ռադայի ճաշարանի աշխատակցուհին թքել է պատգամավորների ապուրների մեջ

12:25 • 30.11.12

Ուկրաինայի Գերագույն ռադայի ճաշարանի աշխատակցուհի Յուլյա Բորշենկոն հեռացվել է աշխատանքից՝ պատգամավորներին մատուցվող ապուրների մեջ թքելու համար։ Սակայն նա բոլորովին չի զղջում իր արարքի համար և նույնիսկ պատրաստվում է դրա մասին գիրք գրել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին։

 

Բորշենկոն հեռացվել է աշխատանքից, երբ նրա արարքը նկատել է պատգամավոր Վալենտին Մատվեևը։


Աշխատակցուհու խոսքով՝ նա նման արարք է թույլ տվել բազմաթիվ անգամներ։ 

Իր արարքը նա մեկնաբանում է այսպես. «Դուք կարծում եք Ռադայի ճաշարանում լա՞վ են վարձատրում։ Բոլորովին. 3 200 գրիվեն։ Մայրաքաղաքի համար դա գումար չէ։ Այն, ինչը ինձ ստիպել է 4 տարի աշխատել այստեղ, պատգամավորներից վրեժ լուծելու հնարավորությունն է եղել, այն բանի համար, թե ինչպես են նրանք վարվում երկրի ու ժողովրդի հետ։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես զղջում եմ իմ արածի համար, ապա խորապես սխալվում է. սա իմ քաղաքական դիրքորոշումն է»։

 

Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում աշխատանք փնտրել հասարակական սննդի ոլորտում։ Տեսնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունն իր պատմության հանդեպ՝ նա որոշել է գիրք գրել։