Քլինթոն. ՄԱԿ-ը խոչընդոտեց Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը

08:44 • 30.11.12

Պաղեստինի ճանաչումը որպես ՄԱԿ-ի դիտորդ պետություն խոչընդոտում է Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

 

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը նոր խոչընդոտներ կստեղծի խաղաղության ճանապարհին։ Մենք հստակ հասկացնել էինք տալիս, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են խաղաղության հասնել, որին նրանք արժանի են, միայն ուղիղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է Քլինթոնը՝ ելույթ ունենաով Foreign Policy ամսագրի կազմակերպած միջոցառմանը։


 

Մինչ այսօր Պաղեստինը ՄԱԿ-ում ներկայացված էր որպես դիտորդ սուբյեկտ։ Նրա կարգավիճակի բարձրացումը պաղեստինցիների համար ճանապարհ կհարթի դեպի Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Իսրայելի նկատմամբ ռազմական հանցագործությունների իրականացման մեղադրանքներ ներկայացնելու համար։

 

Հիշեցնենք, որ երևանյան ժամանակով այս գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչել է Պաղեստինը որպես կառույցի դիտորդ պետություն։ Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 193 անդամ երկրից 138-ը, դեմ՝9 երկիր, մնացածը ձեռնպահ են մնացել։