Վեդիի քաղաքապետը հերքում է իր որդիների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը
Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում Վեդիի քաղաքապետի որդիների մասնակցությամբ «դաժան ծեծի» վերաբերյալ, և իրականությունը հասկանալու համար Tert.am-ը խոսել է միջադեպին մասնակից երկու կողմերի հետ էլ, որոնք, պարզվում է, իսկապես ազգականներ են, այնինչ մամուլում հակառակն էր պնդվում։ Կողմերը պնդում են նաև, որ ծեծկռտուք իրականում չի եղել։
Խոսքը քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդու և նույն քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանի մասին է. Սահակյանի տատը և Բարսեղյանի պապը հարազատ քույր ու եղբայր են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահակ Սահակյանի մայրը՝ Գոհարիկ Սահակյանը, ում որդին ըստ որոշ լրատվամիջոցների՝ օրերս «դաժան ծեծի էր ենթարկվել» Վարուժան Բարսեղյանի որդու՝ Հակոբ Բարսեղյանի կողմից:
«Քեռու և հորքուրի թոռներ են, բարեկամական կապերը մեր միջև առ այսօր կան»,- ասաց երիտասարդի մայրը:
Հաղորդվում էր, թե չքավոր ընտանիքից Սահակ Սահակյանը ծեծվել էր այն բանի համար, որ զգուշացրել էր քաղաքապետի՝ մեծ արագությամբ երթևեկող որդուն, թե պետք չէ այդպես մեքենա վարել: Ինչի արդյունքում ծեծվել էր ռետինե մահակով և հայտնվել հիվանդանոցում:
Գոհարիկ Սահակյանն ասաց, որ երեկ իրենց տուն են այցելել թե՛ դատական բժիշկ և թե՛ լրագրող և խնդրում է, որ «ով, որ էդ սուտ լուրերը տարածել ա, թող գա, զննի» իր որդուն:
«Ու ինքը էսօր թող իր ամեն խոսքի համար պատասխան տա: Ու հետո, որ դուբինկեքի ծեծեր, եսիմ ինչեր... էդ ամեն լուրերը, որ հեռուստացույցով լսեցինք՝ իմ էրեխու վրա ծանր անդրադարձավ»,- ասաց նա։
Տիկին Գոհարը հավելեց, որ դատական բժշկի ներկայացրած եզրակացության համաձայն՝ որդու մոտ առկա է միայն ծնոտի կոտրվածք, ուրիշ ոչ մի մարմնական վնասվածք:
Իսկ ի պատասխան հարցի, թե , այնուամենայնիվ, ի՞նչ է պատահել, որ որդին ծնոտի վնասվածք է ստացել, նշեց, որ «ինչ-որ անհաջող շարժումների» հետևանքով:
«Իրանք որ գրկախառնվել են իրար, իմ տղան, որ գրկել ա, թափ ա տվել, գլուխը էդ փաթաթվելու պահին… դէ մութ ա տեղը եղել, թափի հետ Արմանի գլուխը կպել ա իրա ծնոտին: Ինքը մտածել ա, որ ատամն ա վնասվել, ասել ա՝«ախպեր, հլը սպասիր, ոնց որ ատամս բան եղավ, ձեռ ա տալիս, ատամը իրար ա գալիս»,- մանրամասնեց տիկին Գոհարիկը:
Tert.am-ը զրուցեց նաև Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ, ով կտրուկ կերպով հերքեց «դաժան ծեծի» մասին լուրերը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, ըստ տարածված լուրերի՝ միջադեպը տեղի է ունեցել իր ավագ որդու՝ Հակոբ Բարսեղյանի հետ:
«Խոսակցությունը իմ մյուս որդու՝ Արման Բարսեղյանի մասին է: Գրել են, իբր, Արման Բարսեղյանը կամ Հակոբ Բարսեղյանն են արագ անցել, ինչ-որ մեկը դիտողություն է արել։ Ընդհակառակը, ուրիշներն են անցել, ընդամենը գնացել են, տեսնեն՝ ով է: Հանդիպել են, տեսել են, որ մեր բարեկամն է, մեր հարազատն է, մեր հորաքրոջ թոռն է, իրար հետ խոսել են, կատակ են արել, պահի տակ էնպես է ստացվել, ես էլ չեմ կարող ասել՝ ինչ տեսքով, բայց կոտրվածք է ստացել: Իսկ որ ծեծկռտուք է եղել կամ քաշքշուկ՝ ընդհանրապես դրա մասին խոսակցություն չկա: Իրականը սա է: Իսկ իրենք կասկածի տակ են դնում, որ բարեկամ չենք, արդեն իմ գոյությունն են դնում կասկածի տակ»,- ասաց Վարուժան Բարսեղյանը:










