Սոցապաշխատակիցը մեղադրվում է ավելի քան 1.2 մլն դրամի կենսաթոշակ հափշտակելու մեջ
Սոցապաշխատակից Զոհրաբ Գրիգորի Առաքելյանը մեղադրվում է 1.206.735 դրամ կենսաթոշակ հափշտակելու մեջ, այդ մասին տեղեկանում ենք datalex.am կայքում զետեղված Զոհրաբ Առաքելյանի գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունից:
Ըստ այդմ՝ 2001-2010թթ., նա, աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վճարային ծառայության Երևանի «Խորհրդային-1» բաժանմունքում որպես վճարող տեսուչ, տեղեկացել է, որ 2 կենսաթոշակառուներ մահացել են, սակայն նրանց մահվան փաստն անհայտ է պահել, և, հանգամանքից օգտվելով, 2007-2010թթ. ընթացքում նշված թոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելով հափշտակել է պետության կողմից նրանց տրվող կենսաթոշակը:
Այդ կապակցությամբ նոյեմբերի 1-ին Զոհրաբ Գրիգորի Առաքելյանին (ծնված 1954 թվականին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 179, մաս 2, կետ 3, և հոդված 325, մաս 1-ով:
Դատական քննությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 4-ին` Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Մինչև այդ, Զոհրաբ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին:










