Առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարվել է ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման ամիսը. ԻՏԱՌ ՏԱՍՍ
Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2013թ.-ի փետրվարին։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ բանակցությունների ավարտին։
«Ես վստահեցրել եմ, որ մենք պարտավորվում ենք 2013-ի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշերին համապատասխան նախագահական ընտրություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատում է, որ չնայած ՀՀ Սահմանադրությանը, որի համաձայն՝ հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն փետրվարին, դրանց անցկացման ամիսը պաշտոնական մակարդակով հայտարարվում է առաջին անգամ։










