Սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր. Ժոզե Մանուել Բարոզո (լուսանկարներ)
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր առավոտյան Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ տարբեր հասարակական կազմակերպությունների, գիտնականների և ուսանողների հետ Մատենադարանում կայացած հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ հայտարարել է, որ սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր:
«Բացի հակամարտության անձնական դժվարություններից, սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր, այն խոչընդոտում է խիստ անհրաժեշտ աճին և եկամուտին», - հանդիպման ընթացքում հայտարարեց Ժոզե Մանուել Բարոզոն:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ թեև շատերը կարծում են, որ ԼՂ հակամարտությունը սառեցված է և հավանական լուծում չունի, սակայն այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ «Դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին խոսքով և գործով, և վերադառնալ էական հարցերի քննարկմանը։ Կարևոր է ցուցաբերել զսպվածություն հայտարարությունների և գործողությունների մեջ՝ գործող ձևաչափն ու հիմնական սկզբունքները չվտանգելու նպատակով»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ բարձրաստիճան հյուրը` Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի և այլ հյուրերի թվում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Երևանում մեկնարկած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարին՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ կարգավորման առաջընթացը շարունակում է մնալ ԵՄ արտաքին քաղաքականության խիստ գերակայությունների մեջ՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում: Նա նաև նշեց, որ չնայած դժվարություններին, խաղաղության օգուտը զգալի գերազանցում է դժվարությունները:
Պատասխանելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ քաղաքացիական հասարակությունը՝ որպես բարեփոխումների պաշտպան, փոխանցում է հասարակության կարծիքը և կենտրոնացնում է համաքաղաքացիների աջակցությունը՝ որպես Կառավարության առաջընթացը վերահսկող մարմնին:










