Առաջիկա 20 տարում աշխարհը կունենա բոլորովին այլ պատկեր.Լավրով

13:13 • 01.12.12

Առաջիկա տասնամյակում չինական յուանը կարող է դառնալ գլխավոր պահուստային արժույթը։ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Գլոբալիզացիայի արդյունքում խոշոր հաշվով շահեցին զարգացող երկրները, որոնք ստեղծեցին ժամանակակից արդյունաբերություն և զգալիորեն բարձրացրին ազգաբնակչության բարեկեցության մակարդակը, այն դեպքում, երբ զարգացած պետությունները ենթարկվեցին ապաարդյունաբերականացման պրոցեսների և այլն»,- ասել է նա։

 

Այսօր, ըստ նախարարի, այնպիսի մի լուծում է պետք գտնել, որը թույլ կտար հաղթահարել Եվրոպայի և Միացյալ Նահանգների տնտեսության կործանարար հետևանքները։ Նա՝ վկայակոչելով փորձագետների, հայտնել է, որ առաջիկա 5-6 տարում Չինաստանը կարող է դառնալ աշխարհի առաջատար տնտեսական երկիրը։

«Իսկ հետո էլ, հավանաբար, խոսք կգնա յուանի՝ գլխավոր պահուստային արժույթ դառնալու մասին»,- հավելել է նա։

 

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ առաջիկա 20 տարում աշխարհը կունենա բոլորովին նոր պատկեր։ «Դա, իհարկե, ենթադրում է միջազգային հարաբերությունների վերակարգավորման հիվանդագին գործընթաց»,- ասել է նա։